Լրահոս

18.02.2012 00:27


ՀԱԿ երիտասարդների հայտարությունը

ՀԱԿ երիտասարդների հայտարությունը

  Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները շարունակում են ապականել և կեղտոտել ցանկացած բան, որ հայտնվում է իրենց ճանապարհին: Մշակութային, հասարակական ցանկացած արժեք վտանգված է փոշիանալու իշխանությունների կամայական գործելակերպի արդյունքում: Այս ճակատագրին արժանացավ նաև Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյան հիվանդանոցի հարակից այգին, որտեղ առանց որևե օրինական հիմքի ծավալվում են բետոնե կրպակների կառուցապատման աշխատանքներ: Ուրախալի է այն փաստը, որ բազմաթիվ երիտասարդ բնապահպաններ և մտահոգ քաղաքացիներ իրենց պարտքն են համարում կանխել այդ ապօրինությունը և արդեն չորրորդ օրն է, ինչ նստացույց են իրականացնում նշված վայրում:

  Մեր աջակցությունն ենք հայտնում  իշխանական կամայականությունների դեմ դուրս եկած քաղաքացիներին, երիտասարդներին՝ համոզված լինելով,  որ այս տեսակ և այլ բոլոր խնդիրների լուծումը միայն Հայաստանում ավազակապետական համակարգից ազատվելն ու ժողովրդի կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է: Այս գործում առաջնային է երիտասարդության դերը, որն ինքը պետք է կերտի վաղվա Հայաստանը:

  Երիտասարդության և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների դիմադրողականության բարձրացումը և իշխանությունների շարունակվող ապաշնորհ գործունեությունը կարող են շատ ծանր և անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ապօրինությունների հեղինակների, այնպես էլ մեր պետության համար:  Կոչ ենք անում իշխանություններին սթափվել և դադարեցնել հակաժողովրդական գործունեությունը:

                                                                                               Հայ ազգային Կոնգրեսի երիտասարդներ

Այս խորագրի վերջին նյութերը